13 մարտի 2002 - 21:39 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՍՈՒԼԵՅՄԱՆ ԴԵՄԻՐԵԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը հանդիպել է Անկարայում գտնվող հայ եւ ադրբեջանցի լրագրողների հետ: «Ես ուրախ եմ միասին տեսնել տարածաշրջանի լրագրողներին: Ցավոք սրտի, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան շարունակել համագործակցությունը եւ ընտրեցին պատերազմի ուղին, որից ոչ ոք երբեք ոչինչ չի շահում»,- նշել է Թուրքիայի նախկին նախագահը: Այնինչ, նրա կարծիքով, տարածաշրջանային համագործակցության մեջ կարելի է առաջընթաց համարել այն, որ չնայած տարածաշրջանի պետությունների միջեւ առկա սուր հակասություններին, հաջողվել է ստեղծել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը: Դեմիրելը նաեւ հույս է հայտնել, որ տարածաշրջանային հակամարտությունները կկարգավորվեն եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն կհաստատվի: Միայն այդ դեպքում Հարավային Կովկասի երեք պետությունները կկարողանան պահպանել իրենց անկախությունը, նշել է Թուրքիայի նախկին նախագահը: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, Դեմիրելի հանդիպմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ նախորդել է հայ, ադրբեջանցի եւ թուրք լրագրողների միջեւ եռակողմ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որին միացել է նաեւ Թուրքիայի նախկին նախագահը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: