4 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Հայաստանում վարչական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության 673 աշխատակիցներ
ՀՀ Ոստիկանությունը հատուկ նշանակություն է տալիս ոստիկանների կողմից օրինականության պահպանմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի գծով վարչության պետ Սայաթ Շիրինյանը: «2009թ. 9 ամիսների ընթացքում անհարիր պահվածքի համար վարչական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության 55 աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության են ենթարկվել 673 ոստիկաններ, որոնցից 33-ը հեռացվել են համակարգից, հինգի պաշտոնն է իջեցվել, իսկ 8-ինը` կոչումը»,- նշել է նա` ավելացնելով, որ եւս 53 աշխատակիցներ զգուշացվել են պաշտոնին լիարժեք չհամապատասխանելու մասին:

Շիրինյանն անդրադարձել է նաեւ ճանապարհային ոստիկանությանն առնչվող հարցերին` հայտնելով, որ 2009թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանում արձագանրվել է 1409 ՃՏՊ, որոնցում զոհվել է 232 եւ տուժել է 1965 հոգի: Նրա խոսքով, ճանապարհային ոստիկանության տքնաջան աշխատանքի շնորհիվ անցյալ տարվա համեմատ նման պատահարների թիվը նվազել է 10.2 տոկոսով: