Սերժ Սարգսյանը կարեւորել է Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից հավասարակշռված որոշումների կայացումը Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Պետական այցի առաջին օրվա ավարտիննախագահՍերժ Սարգսյանը բանակցություններ է վարել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին իր հրավերն ընդունելու եւ պետական այցով Քուվեյթ ժամանելու համար` Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի այցը մեծ ազդակ կլինի տարբեր բնագավառներում փոխգործակցությունը նոր թափով առաջ մղելու համար` հիմքում ունենալով արաբ ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխադարձ սերն ու հարգանքը:



«Չկա մեր հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ հանգամանք կամ խնդիր: Նման բարձր մակարդակի հանդիպումները կարելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր խթան»,- նշել է Քուվեյթի Էմիրը: Նախագահ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Էմիրին հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնելու քաղաքական երկխոսությունը, տնտեսական ու մշակութային համագործակցությունը Քուվեյթի պետության հետ, հավելելով, որ Քուվեյթի թեեւ ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված հայկական համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու երկրների միջեւ:



Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մանրամասնորեն քննարկելու, պատշաճ միջավայր ապահովելու եւ համակողմանի օժանդակություն ցուցաբերելու մեր երկրում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Մեր երկրի ղեկավարն ու Քուվեյթի Էմիրը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության, առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը Քուվեյթի առաջնորդին տեղեկացրել է Հայաստան-Թուրրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Արցախյան հիմնախնդրի էության ու բանակցային գործընթացի մասին: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցությունը բազմակողմ ձեւաչափերում` միջազգային կազմակերպությունների ու կառույցների շրջանակում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը եւ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ մշտական քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն առավել մոտիկից ու համակողմանիորեն հասկանալու միմյանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումների արտահայտման: Քանզի երբեմն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման: Բարձր մակարդակով բանակցություններիավարտից հետո ՆախագահՍերժ Սարգսյաննու Քուվեյթի առաջնորդըներկաեն գտնվել գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին միջկառավարական համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը: Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը միջկառավարական հինգ համաձայնագրերի ստորագրումը գնահատել են որպես «Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական այցի նշանակալի արդյունք եւ կարեւոր քայլ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու համար», հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---