5 նոյեմբերի 2009 - 17:14 AMT
Բաքվի ռազմատենչ հռետորությունը բացասաբար է ազդում ադրբեջանցի զինվորների վրա
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 10-12 տարի անց ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Ելույթ ունենալով այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը` համաձայնությու՞ն, թե՞ ոչ» սեմինար-քննարկմանը` փորձագետն ընդգծեց, որ Բաքուն հասկանում է` եթե նա այսօր պատերազմ սկսի, նա կպարտվի: «Այսօր հայկական բանակն ավելի պրոֆեսիոնալ եւ պատրաստված է, քան Ադրբեջանի բանակը: Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր արդեն պատրաստվում է վաղվա մարտահրավերներին, եւ հարկ է ընդգծել, որ մեր բանակը ներկայումս տարածաշրջանի ամենահզոր բանակն է հանդիսանում»,- հայտնել է Ռիչարդ Գիրագոսյանը` ավելացնելով, որ տարածաշրջանում Հայաստանի բանակը հանդես է գալիս որպես պաշտպանական ուժ:

Մեկնաբանելով Բաքվի ռազմատենչ հայտարարությունները` փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը բացասաբար է ազդում ոչ միայն տարածաշրջանում առկա իրադրության, այլեւ հենց ադրբեջանցի զինվորների վրա: Գիրագոսյանի խոսքով, Հայաստանը չի կարող հսկել նման հայտարարությունները, սակայն նա պարտավոր է դրանց համապատասխան կերպով արձագանքել: