Հայաստանյան ՀԿ -ները պահանջում են վերանայել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծիհասարակական քննարկումը, որը կազմակերպել էր «Համագործակցություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ն: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանը, հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի փորձագետ Արսեն Ստեփանյանը, իրավաբան Տաճատ Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանի հասարակական սեկտորի ներկայացուցիչները: ՀՀ Արդարադատության նախարարության եւ ՀՀ ԱԺ ներկայացուցիչները քննարկմանը մասնակցելու հրավերին չէին արձագանքել:



Հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի փորձագետ Արսեն Ստեփանյանը վերը նշված օրինագիծը քննադատեց` նշելով, որ այն հաստատել է ՀՀ կառավարությունը եւ ուղարկել է Ազգային Ժողովի հաստատմանն առանց հասարակական քննարկում անցկացնելու: Ստեփանյանը պահանջեց հետ կանչել օրինագիծը եւ դրա շուրջ քննարկում սկսել կառավարության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջեւ:



Օրինագծի կոնկրետ կետերի մասին խոսելով` նա անընդունելի համարեց ՀԿ պարտականությունների մեջ ներգրավել այն, որ բացի Հարկային ծառայությունից նաեւ սոցիալական ապահովության ծառայությանը պետք է ներկայացնել հաշվետվություններ եւ դրանք տպագրել թերթերում1000 օրինակ տպաքանակով: Վերջինս, նրա խոսքերով, կազմակերպության համար ստեղծում է ավելորդ ֆինանսական դժվարություններ: «Նմանատիպ հաշվետվություններում պետք է նշված լինի կազմակերպության մեկ տարվա ամբողջ գործունեությունը, կառավարման կառուցվածքի փոփոխությունները եւ ֆինանսական ռեսուրսների աղբյուրները: Այս ամենը հասարակական կազմակերպություններին կառավարելի է դարձնում իշխանությունների կողմից», - ընդգծեց Ստեփանյանը:



Նա նաեւ նշեց, որ կառավարության առաջարկած փոփոխությունները նույնիսկ ֆիզիկապես դժվար է իրականացնել, քանի որ Հայաստանում գործում են 6000 հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կարող տարվա սկզբից մինչեւ ապրիլի 1-ը ներկայացնել իրենց հաշվետվությունները եւ դրանք տպագրել թերթերում: «Ընդհանրացնելով ստացվում է, որ մեկ օրում թերթերում պետք է տպագրվեն հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 հաշվետվություն», - նշեց փորձագետը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---