5 նոյեմբերի 2009 - 19:22 AMT
Նոյեմբերի 6-27-ը Քյոլնում տեղի կունենան «Գերմանիան եւ հայերը» խորագրով Հայկական մշակույթի օրերը
Նոյեմբերի 6-27-ը Քյոլնում տեղի կունենան «Գերմանիան եւ հայերը» խորագրով Հայկական մշակույթի օրերը: Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում անցնում են արդեն վեցերորդ տարին անընդմեջ:
Այս տարի Հայաստանի օրերը կբացվեն Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառմամբ, որը կպատմի մեծն հայի կյանքի եւ գործունեության մասին: Բացմանը կմասնակցի Գերմանիայում հայկական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բեգջանյանը, նախատեսվում է նաեւ Կոմիտասի անվան երգչախմբի ելույթը:

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում գերմանաբնակ գրող Դողան Ականլին դասախոսություն կկարդա 1915-ի եւ 1945թ. իրադարձությունների մասին` զուգահեռներ տանելով Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ:

Նախատեսվում է նաեւ Նինա Պոուրլյակի Արթուր Աբրահամի մասին «Ամեն ինչի մասին» ֆիլմի ցուցադրությունը: Հայկական եկեղեցիներում կմատուցվի պատարագ:

Հայկական մշակույթի օրերը կավարտվեն գրական երեկոյով, որտեղ դրամատուրգ ու թարգմանիչ Կոնրադ Կունը իր նոր գիրքը կներկայացնի հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի մասին:

Նշենք, որ Գերմանիայում այս պահի դրությամբ 40 000 հայ է բնակվում: Ամենամեծ հայկական համայնքը գտնվում է Քյոլնում, որտեղ գործում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը` Սբ.Սահակ-Մեսրոբ եկեղեցում: