6 նոյեմբերի 2009 - 11:50 AMT
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջող է ընթանում, որի շրջանակներում իրականացվում են նոր միջոցառումներ, որոնք համահունչ են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական համագործակցության Գործողությունների ծրագրին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
«Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ եւ նպատակ ունենք ապահովել Հայաստանի ու դաշինքի անդամ բոլոր երկրների ԶՈւ-ի համագործակցությունը: ՆԱՏՕ-ն առաջարկում է աջակցել ՀՀ կառավարությանը պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար, եւ նպաստում է ՊՆ-ին երկրի կարեւորագույն ռազմավարական փաստաթղթերի մշակման ու ընդունման գործում»,-ասել է Ռոբերտ Սիմոնսը:
ՆԱՏՕ-ի անունից նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար: 2010թ. սկզբին Հայաստանը շուրջ 30 զինծառայող կգործուղի Աֆղանստան: «Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բոլոր հանդիպումներին, որտեղ քննարկվում են առաջիկա գործողությունները Աֆղանստանում»,-ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
Ըստ նրա, Դաշինքը համագործակցում է նաեւ ՀՀ ԱԻՆ-ի հետ` հակաճգնաժամային կենտրոնի ստեղծման հարցում: Սիմոնսը հավելել է, որ Հայաստանը համաձայնվել է հաջորդ տարի ընդունել արտակարգ իրավիճակների պլանավորման եւ գործողությունների մշակման զորավարժությունները: