6 նոյեմբերի 2009 - 15:26 AMT
Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի բյուջեն 2010 թ. 9 մլրդ դրամից ավելի կկազմի
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բյուջեն 2010թ. կկազմի 9 մլրդ 3 մլն 956 հազ. դրամ, ինչը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքերով, 4 մլրդ 810 մլն դրամով պակաս է 2009 թ. բյուջեից:

«9 մլրդ 3 մլն 956 հազ. դրամից 1 մլրդ 124 մլն-ը պետք է տրվի գյուղնախարարությանը կից 6 ոչ պետական կազմակերպությունների գործունեությանը: 730 մլն 719 հազ. դրամ տրամադրվելու է 379 աշխատակիցների եւ նախարարի աշխատակազմի կարիքները հոգալու համար: 150 մլն դրամով իրականացվելու է կարեւորագույն` «Բուսականության պաշտպանության միջոցառում» ծրագիրը», - հաղորդեց գյուղատնտեսության նախարարը:

Նրա խոսքերով, հանրապետությունում կայուն հակահամաճարակային իրավիճակն ապահովելու համար 1 մլրդ դրամ տրամադրվելու է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման» ծրագրի իրականացմանը:

1 մլրդ 100 մլն դրամի սահմաններում սուբսիդավորվելու են 31 հազ. 425 համայնքի հողեր, որոնք տեղակայված են հանրապետության բարձրլեռնային շրջաններում:

2010թ. անասնաբուծության զարգացման ծրագիրը իրականացվելու է Ճապոնիայի կառավարության հետ համատեղ, որի համար տրամադրվելու է 345 մլն դրամ: