7 նոյեմբերի 2009 - 17:50 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին
ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Երեւանում ու Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելուց հետո կրկին գնացել են Բաքու, որպեսզի մեկ անգամ եւս հանդիպեն Իլհամ Ալիեւի հետ: Այնտեղ հանդես են եկել առաջարկությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական` վեցերորդ փուլն անցկացնել մինչեւ նոյեմբերի վերջը: Այս մասին ասվում է նոյեմբերի 4-6-ը միջնորդների այցելության արդյունքների մասին հայտարարության մեջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը եւ հայտնել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները համաձայնեցնելու գործընթացում առաջընթացի հասնելու համար բանակցությունները շարունակելու վճռականություն:

Հանդիպման տեղն ու ժամանակն առայժմ հստակեցված չէ: