9 նոյեմբերի 2009 - 19:54 AMT
Վարդան Օսկանյան. Հայաստանի գլխավոր մինուսը իշխանության մենաշնորհն է
21-րդ դարում աշխարհի հետ հաղորդակցվելու կարողությունը սահմանների քանակով ու կիլոմետրերով չի չափվում: Աշխարհի հետ հաղորդակցվելու համար առաջին հերթին պետք է այդ աշխարհի լիարժեք, լիիրավ անդամը դառնալ: Այդ մասին նոյեմբերի 6-ին Գյումրիում ուսանողության հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, Հայաստանի ուժը նրա սահմանների ներսում է, եւ քանի դեռ հայ ժողովուրդը չի կարողացել լիարժեք օգտագործել սահմանների ներսի իր պոտենցիալը, քանի դեռ չի կարողացել հասկանալ ու շտկել իր այն սխալները, որոնք խանգարել են նրան ամուր, բարգավաճ, իրավական պետություն կառուցել, սահմաններից դուրս փրկության փնտրտուքը երկրին բարեկեցություն չի բերի:

«Մեզ այսօրասում են` պետք է ձերբազատվել զոհի հոգեբանությունից: Ես նույնպես ուզում եմ, որ մենք ազատվենք զոհի հոգեբանությունից: Բայց ինչո՞վ է դա փոխարինվելու: Սեփական խնդիրները լուծելու անընդունակ, իր փրկությունն այլ տեղ հայցողի հոգեբանությա՞մբ: Դա, հավատացե'ք, ավելի կործանարար հոգեբանություն է»,- նշեց Օսկանյանը: Ընդ որում, Հայաստանի նախկին ԱԳ նախարարն ընդգծեց, որ իր պարտությունն ի լուր աշխարհի ընդունած ձախողակը այլեւս ոչ մի իրավունք չունի, մինչդեռ «մենք այսօր խնդիր ունենք պաշտպանելու մեր իրավունքները թե' երկրից դուրս, թե' երկրի ներսում»:

Գնահատելով երկրի վարած քաղաքականության թերությունները` Վարդան Օսկանյանը դրանք ամփոփեց մեկ բառով` մենաշնորհները` թե' քաղաքական, թե' տնտեսական դաշտում: «Այս երկուսն այնքան են շաղկապված, որ մեկը մյուսին լրացնում եւ սնում է: Մենք չենք կարող վերացնել տնտեսական մենաշնորհները, եթե չվերացնենք քաղաքականը»,- ընդգծեց ՀՀ նախկին ԱԳ նախարարը: