10 նոյեմբերի 2009 - 11:23 AMT
Անկարայի քայլերը դեպի Արեւմուտք եւ Արեւելք լրացնում են, ոչ թե բացառում են միմյանց
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական կոնֆերանսի կազմակերպության Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական հանձնաժողովի (COMCEC) նիստում, հայտարարել է, որ Թուրքիայի քայլերը դեպի Արեւմուտք եւ Արեւելք լրացնում են, ոչ թե բացառում են միմյանց: Իր ելույթում նախագահը անդրադարձել է նաեւ Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական ասպեկտներին:

«Թուրքիան ինտենսիվ տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ ունի ինչպես Արեւմուտքի, այնպես էլ իսլամական երկրների հետ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը եւ նրա ջանքերը COMCEC-ի շրջանակներում մեր արտաքին քաղաքականության իրար լրացնող տարրերն են»,-ասել է Գյուլը: Անդրադառնալով վերջերս նկատվող Թուրքիայի ակտիվ համագործակցությանը Արաբական երկրների լիգայի, ինչպես նաեւ Իրաքի ու Սիրիայի հետ` Թուրքիայի նախագահը կոչ է արել այդ երկրներին սատարել Թուրքիայի արտաքաին քաղաքականության քայլերին:

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, իր երկիրը շարունակում է հանդես գալ որպես միջնորդ Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման գործում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Ընդ որում Գյուլը կոչ է արել ԻԿԿ երկրներին նպաստել Կիպրոսի թուրքական մասի միջազգային մեկուսացման մեղմացմանը, գրում է թուրքական Today's Zaman-ը: