23 հունիսի 2003 - 18:06 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Եվրոպայի Խորհուրդը մինչեւ 2004 թվականի տարեսկիզբ է հետաձգել Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների 6-րդ արձանագրության վավերացման ժամկետը, որը նախատեսում է մահապատժի լիակատար վերացում: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Եվրոպան ընդառաջ է գնացել Հայաստանին, ի նկատի ունենալով, որ երկրի նորընտիր խորհրդարանը տեխնիկական պատճառներով չէր հասցնի վավերացնել արձանագրությունը մինչեւ հուլիս: Ընդ որում Ա.Ռուստամյանը համոզվածություն է հայտնել, որ, քաղաքական կամք հավաքելով, նորընտիր խորհրդարանը կկատարի իր պարտավորությունը ԵԽ-ի առջեւ, քանի որ երկիրը կանգնած է ընտրության առջեւ` շարունակել ընթանալ եվրոպական ուղիյով, թե շեղվել նրանից: