10 նոյեմբերի 2009 - 20:33 AMT
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Դուշանբեում կայացած հանդիպմանը հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար:
Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները:

Հաստատվել են նաեւ մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ըստ օրակարգի, քննարկվել է ԱՊՀ ՊՆ բազմակող ինտեգրմանն առնչվող շուրջ 20 հարց:

Նիստում քննարկվել են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների իրազեկման մարմինների համագործակցության ուղիները:

Նիստի մասնակիցները քննարկել են Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման հարցերը: Որոշվել է 2010թ. անցկացնել ԱՊՀ մասնակից երկրների բանակների VII սպարտակիադան, ինչպես նաեւ միջազգային մրցույթ ԱՊՀ երկրների ռազմական ԶԼՄ-ների Մեծ Հաղթանակի հոբելյանին նվիրված լավագույն լրագրողական ստեղծագործության համար:
ԱՊՀ ՊՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. ապրիլի 17-ին Մոսկվայում: