11 նոյեմբերի 2009 - 18:33 AMT
Թուրքիան փորձում է միաժամանակ դառնալ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի մասնիկը
Թուրքիան փորձում է նորովի կառուցել իր հարաբերությունները հարեւան երկրների հետ, եւ այդ ձգտումը տարածվում է ոչ միայն Հարավային Կովկասի երկրների վրա: Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, լուրջ խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարեւանների հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, բոլոր այդ խնդիրները լուծելու համար Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում եւ ասում «ինչ-որ բան Ադրբեջանի կողմը, ինչ-որ բան Հայաստանի կողմը եւ ինչ-որ բան Իսրայելի կողմը»: «Թուրքիան փորձում է միաժամանակ դառնալ ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Հարավային Կովկասի մասնիկը, եւ հենց այդ պատճառով այդ երկու տարածաշրջաններում միատեսակ քաղաքականություն է վարում»,- հայտնեց Իսկանդարյանը` մեկնաբանելով թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա գործընթացները: