21 հունիսի 2003 - 18:52 AMT
ԲԱՔՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ
Հարցմանը մասնակցած 92 ադրբեջանցի քաղաքական գործիչներից 28-ը գտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բաքվի ԶԼՄ-ների համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հարցման 62 մասնակիցներ, ընդհակառակը, կարծում են, որ ԱՄՆ զինված ուժերի տեղակայումն Ադրբեջանում դրականորեն կանդրադառնա «գրավյալ տարածքների ազատագրման» վրա: «Կովկասում անվտանգության դիտարկման ծրագիր» հասարակական կազմակերպության կողմից հարցման ենթարկվածների թվում եղել են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ: Հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնության կարծիքով, Ադրբեջանում ԱՄՆ ռազմական ներկայության նպատակը Ռուսաստանի ազդեցության սահմանափակումն է Կովկասում: Նրանց մեծ մասը կարծում է, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ: