12 նոյեմբերի 2009 - 13:17 AMT
ՀԿԵՈւ շնորհիվ Հայաստանում 1900 աշխատատեղ է բացվել
«Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ստեղծման պահից ի վեր Հայաստանում ստեղծվել է 26 ընկերություն, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ երկաթուղային ոլորտի կարիքների սպասարկմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Դրանք են «Օ-live», «ՍԿ-2000», «Բարսիս», «Ինտերկաբել» ՍՊԸ, «Էլեկտրասարքավորում» ԲԲԸ-ն, «Արտադրական տեխնոլոգիական ընկերություն» ՍՊԸ-ն եւ ուրիշներ: Արտադրվող արտադրանքը շատ բազմազան է` հատուկ համազգեստից մինչեւ կաբելի արտադրություն: Ընդ որում ստեղծվել է 1915 նոր աշխատատեղ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մշակված եւ ներդրվող ճիշտ ներդրումային եւ կադրային քաղաքականության շնորհիվ, ընկերությունը կարողացավ պահպանել ու ավելացնել կադրային կազմը: Ի տարբերություն ճգնաժամից տուժած շատ ընկերությունների, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ոչ միայն չգնաց աշխատատեղերի, աշխատանքային ժամանակի ու վարձատրության կրճատումների, այլ նաեւ նոր աշխատատեղեր ստեղծեց: Ինչպես նշել է ընկերության ղեկավար Շեւկեթ Շայդուլինը կադրերի գծով գիտատեխնիկական խորհրդի ժամանակ, «այսօր մենք մտադիր ենք լրացուցիչ աշխատատեղեր բացել, ինչը պետք է ամրագրի մեր կարգավիճակը որպես համազգային ընկերության, որը կարեւոր սոցիալական առաքելություն է կատարում»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնակությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն կառավարման: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` եւս 10 տարի այն երկարացնելու իրավունքով: