12 նոյեմբերի 2009 - 13:33 AMT
Շեւկեթ Շայդուլին. Ազգային ընկերության կարգավիճակը չափազանց կարեւոր է ՀԿԵՈւ-ի համար
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանը` առաջարկելով ամրագրել ընկերության ազգային կարգավիճակը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Հայաստանի ազգային տրանսպորտային ընկերության կարգավիճակ ստանալու դեպքում, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն իրավունք կստանա անդամակցել միջազգային տրանսպորտային-լոգիստիկ կազմակերպություններին, ինչը հնարավորություն կտա հավասար իրավունքներով համագործակցել հարեւան երկրների երակթուղային ընկերությունների հետ: Դա թույլ կտա նաեւ առաջ մղել Հայաստանի շահերը այդ կազմակերպություններում եւ առավել հետաքրքիր դառնալ ներդրումների առումով»,-հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը:

Նա նաեւ նշել է, որ միջազգային իրադարձությունների բուռն զարգացումը Հարավային Կովկասում, հատկապես սահմանների բացման հետ կապված, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր կառուցումը արմատապես կարող են փոխել Հայաստանի ողջ տնտեսության ներքին ու արտաքին միջավայրը, այդ թվում նաեւ երկաթուղու դերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում: «Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի երկաթուղին պետք է դիտարկել որպես տարանցիկ օղակ Եվրոպա-Ասիա եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքներում: Մեզ իրատեսական է թվում, որ երկաթուղին կարող է լոկոմոտիվի դեր խաղալ տնտեսության այլ ոլորտները միջազգայի շուկա դուրս բերելու հարցում: Այդ խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ»,-ասել է Շայդուլինը:

Ազգային ընկերության կարգավիճակի ստացման հարցը ՀԿԵՈւ ղեկավարն արծարծել է նաեւ ՌԴ Դաշնային Ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Շայդուլինի առաջարկը ստացավ խորհրդարանականների բանավոր հավանությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնակությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն կառավարման: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` եւս 10 տարի այն երկարացնելու իրավունքով: