12 նոյեմբերի 2009 - 16:24 AMT
ԱՄՀ-ն Հայաստանի կառավարությանը հերթական տրանշն է հատկացրել
Հոկտեմբերի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատեց Հայաստանին տրամադրվող վարկի շրջանակներում $60 մլն-ի չափով հերթական տրանշը, որն արդեն տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:

Նրա խոսքով, այդ գումարը ԿԲ-ին հատկացվել է, որպեսզի համալրի միջազգային պահեստները: Նա նշեց նաեւ, որ ԱՄՀ-ն վարկից բացի Հայաստանին մոտ $480 մլն է հատկացրել: Ընդհանուր գումարը, որը պետք է տրամադրվի Հայաստանին, կազմում է $820 մլն, որոնցից $480 միլիոնն արդեն տրամադրվել է: «Մնացած գումարը կհատկացվի հաջորդ տարվա եւ 2011 թվականի առաջին կեսի ընթացքում, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունը պահպանի ԱՄՀ պայմանները»,- ընդգծեց Նինկե Օմեսը: