12 նոյեմբերի 2009 - 18:26 AMT
Բուլղարիայի խորհրդարանի խոսնակը Հովիկ Աբրահամյանին հրավիրել է այցելել Սոֆիա
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին: Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչեւայի նամակը, որով նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Սոֆիա:

«Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների կապակցությամբ եւ հավաստեմ հետագայում եւս միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու իմ պատրաստակամությունը», - մեջբերեց դեսպան Ստայկովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի նամակից:

Աբրահամյանը երախտագիտությամբ ընդունեց այդ հրավերը: Զրուցակիցները պայմանավորվեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք մասնավորապես կարեւորեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձրեցին առեւտրատնտեսական կապերի խորացմանը: Այդ համատեքստում կողմերը համաձայնեցին մոտակա ժամանակներս հայ-բուլղարական բիզնես-ֆորում կազմակերպելու անհրաժեշտության հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանի եւ Բուլղարիայի տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: