13 նոյեմբերի 2009 - 14:54 AMT
Հայաստանի 2010 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ոչ ձեռներեց փաստաթուղթ է
2010 թ. Հայաստանի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ոչ ձեռներեց փաստաթուղթ է: Այն ավելի շուտ առաջարկում է երկրի գոյությունն ապահովող ծրագիր: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «2010 պետբյուջեն չի լուծում Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները: Այն չի ապահովում Հայաստանի կառավարության հայտարարած նպատակները` ապահովել մակրոտնտեսական կայունությունը, խթանել սպառումը, արտահանման աճը»:

Նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունը չի շտապի ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի սեկվեստրը հայտարարել: «Կառավարությունը հազիվ թե խորհրդարանին ներկայացնի սեկվեստրի մասին օրենքի նախագիծ, քանի որ դրա համար չկան օրենսդրական հիմքեր», - հայտարարեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության հրաժարականին, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ օբյեկտիվ լինելու դեպքում, պետք է ասել, որ այն վաղուց պետք է այդ քայլն աներ: «Բայց եթե մեկ այլ տեսանկյունից նայենք, թե խորհրդարանական քաղաքական մեծամասնությանն արդյոք ձեռնտո՞ւ է կառավարության հրաժարականը, ապա, ինձ թվում է, կառավարությունը չի գնա այդ քայլին», - հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ խմբավորումը դեռեւս քննարկում է եւ մոտ ժամանակներում կներկայացնի իր վերջնական դիրքորոշումը 2010 թ. պետբյուջեի մասին: «Այդուհանդերձ մենք այնքան էլ լավատեսորեն չենք տրամադրված խորհրդարանում պետբյուջեի քվեարկությանը», - ավարտեց Մինասյանը: