13 նոյեմբերի 2009 - 16:45 AMT
Հայաստանի քաղաքականությունը Ջավախքի հարցում է մնում է բարի ցանկությունների մակարդակի վրա
Հայաստանի ուշադրությունը պահաջող կարեւորագույն հարցերից մեկը Ջավախքի խնդիրն է, որը պահանջում է արագ եւ արդյունավետ լուծում: Սակայն Հայաստանի քաղաքականությունն այդ խնդիրների լուծման հարցում մնում է բարի ցանկությունների մակարդակի վրա, իսկ նման մոտեցումը հանգեցնում է հայերի արտագաղթին իրենց պատմական հայրենիքից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Հայաստանի նոր պահպանողական ազգային շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: «Իսկ քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, ապա վաղը Հայաստանը կարող է իր հյուսիսում ստանալ թրքալեզու սահմանամերձ մի տարածաշրջան, երկրի ազգային անվտանգության համար այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Կարծիք գոյություն ունի, թե ՀՀ կողմից Ջավախքի խնդրի լուծման ուղղությամբ ցանկացած քայլ կարող է հանգեցնել հայ-վրացական հարաբերությունների սրման: Սակայն հենց տարածաշրջանի հայերի խնդիրների անտեսումը, ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Երեւանի կողմից, հող է ստեղծում հայ-վրացական հակասությունների խորացման համար»,-ասել է Աբրահամյանը:

Նրա կարծիքով, Վրաստանում հակահայկական քաղաքականության ակտիվացման պատճառը հենց Հայաստանի «հեռացումն է» ջավախահայերի խնդիրներից: «Վրաստանի ղեկավարությանը թվում է, թե կոմպակտ բնակվող հայ էթնոսի թուլացմանն ուղղված քաղաքականությունը թույլ կտա կասեցնել տարածաշրջանը կորցնելու պոտենցիալ սպառնալիքը, քանի որ հենց Թբիլիսիի վերոնշյալ գործողություններն են դժգոհություն առաջացնում Ջավախքի հայ բնակչության մոտ, ինչն իր կանխատեսելի հետեւանքները կունենա: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը Վրաստանի հարցում, ապա, ինչպես կարծում եմ, այն կրում է ձեւական, ոչ թե գործուն բնույթ, այդ պատճառով էլ պատշաճ ուշադրություն չի դարձվում հայոց լեզվի կարգավիճակի հարցին Ջավախքում, Ծալկայի շրջանը Սամցխե Ջավախքի շրջանում ընդգրկելու հարցին, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացման, սահմանայի հսկողության առավելագույն նվազեցման հարցերին: Ակնհայտ է, որ եթե ՀՀ ղեկավարությունն առավել հեռատես լիներ Ջավախքի հարցում, մենք այսօր բոլորովին այլ դիրք կունենայինք տարածաշրջանում: Երկրի այժմյան թուրքական ուղղվածությունն արտաքին քաղաքականության մեջ այդքան կենսական չէր լինի հաղորդակցությունների առումով, ինչպես փորձում է ներկայացնել ղեկավարությունը»,-ասել է Աբրահամյանը: