13 նոյեմբերի 2009 - 16:49 AMT
Այսուհետեւ LOGOS EXPO Center-ի կազմակերպած բոլոր ցուցահանդեսներն անցկացվելու են Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում
Ցուցահանդեսներով հարուստ մեկ տարի եւս ավարտվում է: 2009 թ. ողջ ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է մոտ 15 ոլորտային, արդյունաբերական, ազգային եւ միջազգային ցուցահանդեսներ, որոնք արտացոլում էին ազգային տնտեսության համաչափ զարգացումը: Ընդ որում, 2008 թ. համեմատ, ցուցադրման տարածքը մեծացել է 5,6 տոկոսով:

LOGOS EXPO Center-ը որպես ցուցահանդեսային արդյունաբերության առաջնորդ, ծրագրում է անցկացնել ավելի լայնամասշտաբ եւ տարածաշրջանային խոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներ, ինչպես նաեւ նպատակ ունի ավելացնելու միջազգային մասնակիցների քանակը` դրանով իսկ ապահովելով արտասահմանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ եւ Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը:

Այս ամենից ելնելով, երկար բանակցություններից հետո LOGOS EXPO Center-ը պայմանագիր կնքեց Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի հետ, որի համաձայն ընկերության կազմակերպած բոլոր ցուցահանդեսները անցկացվելու են մարզահամերգային համալիրում:

«Երկու խոշոր կառույցների միավորումը եւ փոխշահավետ համագործակցությունը, որը երկար բանակցությունների արդյունք է, պսակվում է իրական պայմանագրով, որի հետեւանքով մենք կարող ենք մոռանալ քաղաքի տարբեր անկյուններում պարբերաբար անցկացվող շատ ցուցահանդեսների մասին: Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի հետ կնքած համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն մեծացնել ցուցահանդեսների մասշտաբները, դրանք հավասարազոր դարձնելով տարածաշրջանի այլ ցուցահանդեսներին, այլեւ բարձրացնել Հայաստանի ցուցահանդեսային մշակույթը», - հայտարարեց Սուրեն Նազինյանը:

LOGOS EXPO Center-ը (1999թ.) Հայաստանում առաջին մասնավոր ցուցահանդեսն է, որն անվերապահ առաջնորդում է ոլորտային, արդյունաբերական, ազգային եւ միջազգային ցուցահանդեսները ու կոնգրեսները` Հայաստանում եւ արտասահմանում:

Վերջին 10 տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 100 մասնագիտացված եւ միջազգային ցուցահանդեսներ, ներառելով տնտեսության ոլորտները:

LOGOS EXPO Center ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարների եւ գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մոտ 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության համաչափ զարգացումը: