«Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է կառավարությանը 56 առաջարկ երկրի 2010 թ-ի պետբյուջեի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին «Ժառանգություն» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ ԱԺ աշխատակազմ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները: Հեղինակների թվով 56 առաջարկությունները, որոնց ձեւավորման գործում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները (համայնքապետեր, գյուղապետեր) եւ քաղաքացիները, վերաբերվում են սոցիալ-տնտեսական, կրթության, գիտության, առողջապահության` հաշմանդամների, անապահով խմբերի, մոր եւ մանկան առողջության պահպանմանն ու բարելավմանը, տարածքային համաչափ զարգացմանը, փորք եւ միջին ձեռնարկատիրության, ավանդների վերադարձման, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հիմնախնդիրներին:



«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունն անընդունելի եւ անհեռանկարային են համարում պետության կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի այսօրինակ նախագիծը, որը միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: 2010 թվականի պետական բյուջեն սպասարկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը` ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելուն, չի նպաստում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես` արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ` գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն անհնարին է դարձնում դիվերսիֆիկացված արտադրության զարգացումը:



Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներից: Այն անկարող է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ` աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավումը: «Ժառանգություն» խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի բացասական եւ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ բնույթով եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծման` իշխանությունների դիմակայելու անունակությամբ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---