ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը օծեց Շոշկավանքի Ս. Աստվածածին եկեղեցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Շոշկավանքի Ս. Աստվածածին եկեղեցին:



Շոշկավանքը, որ իբրեւ սրբավայր հայտնի է դեռ 13-րդ դարից, խոնարհվել էր խորհրդային իշխանության տարիներին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ու նրա եղբոր` Կարո Բաբայանի բարերարությամբ, իսկ տարածքի բարեկարգման ու հարակից շինությունների կառուցման ծախսերը հոգացել է արցախցի գործարար Տիգրան Խաչատրյանը: Գերաշնորհ Պարգեւ Սրբազանը Արցախի թեմի հոգեւոր դասի հետ վաղ առավոտից սկսեց եկեղեցու օծման արարողությունը: Օծվեցին Ս. Սեղանը, Աստվածամոր սրբապատկերը, Խորանի` չորս Ավետարանիչների անուններով չորս սյուները, Մկրտության ավազանն ու եկեղեցու մնացյալ սյուները:



Օծման արարողության ավարտից հետո Շոշկավանքում երկար տարիների ընդմիջումից հետո Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվեց անդրանիկ Պատարագը: Պատարագի սրբազան արարողությանն իրենց անմիջական մասնակցությունն էին բերում բազմաթիվ ուխտավոր հայորդիներ, որոնց ձայնակցությունը Պատարագի հոգեպարար երգեցողությանը վերջնականապես վերականգնում էր երկար տարիներ եկեղեցու կամարների ներքո լռած աղոթքի ձայնն ու զորությունը:



Հընթացս ՍուրբՊատարագի խոսված քարոզում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ եկեղեցին տուն է աղոթքի, սակայն այդ տանը աղոթքը լռել էր, քանի որ եկեղեցին անաստվածության տարիներին ենթարկվել էր նույն փորձությանը, ինչին մեր ողջ ժողովուրդը` կիսելով նույն ճակատագիրը: Սակայն արցախյան ազատագրական պայքարով թոթափվեց նաեւ անաստվածության լուծը, եւ Տերը հաղթանակ շնորհեց ու օրհնեց, որ վերականգնենք մեր սրբավայրերը: Պարգեւ Սրբազանն ընդգծեց, որ այդ հաղթանակի ձեռքբերման գործում մեծ դեր է ունեցել նաեւ այդ սրբավայրերում հնչած դարավոր աղոթքը, ուստի կոչ արեց անձանձրույթ աղոթքի` հանուն մեր երկրի, հավատքի, խաղաղության եւ հանուն մեր սերունդների:



Սրբազան արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հավատացյալներ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---