Երեւանում կայացավ ճարտարապետների ընկերակցության առաջին համագումարը

PanARMENIAN.Net - «Ես այսօր շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր մեծ խանդավառությամբ, միեւնույն ժամանակ մեծ ցավով որոշեցին ստեղծել հասարակական կազմակերպություն, որը պետք է զբաղվի պատմական հուշարձանների վերականգնման եւ վերանորոգման աշխատանքներով: Ես վշտով պետք է նշեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում դրանք ավերակների են վերածվել: Ես հույս չունեմ, թե մեկ օրում հսկայական արդյունքների կհասնենք, քանի որ այդ աշխատանքը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, եւ ես բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այդ ծանր գործով, մաղթում եմ հաջողություն», - ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` Հայաստանի ճարտարապետների ընկերակցությանպատմական հուշարձանների պահպանման` նոյեմբերի 14-ին տեղի ունեցած առաջին համագումարին:



«Ընկերակցության նպատակն է պահպանել հուշարձաններն ինչպես Հայաստնում, այնպես էլ նրա սահմաններից դուրս եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մեր ընկերակցությունը գործում է 2009 թ. հունիսից, եւ սրանք մեր առաջին քայլերն են: Այս համագումարը եւ ցուցահանդեսը կոչված են մեր գործունեությունը ներկայացնելու: Մենք պատրաստ ենք հետագայում համագործակցել պատմական հուշարձաններ վերականգնող եւ վերանորոգող հայ եւ արտասահմանցի մասնագետների հետ: Այսօր մենք կընդունենք նաեւ հռչակագիր», - ասաց ընկերակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Սանախյանը PanARMENIAN.Net - ի լրագրողի հետ զրույցում:



Հայաստանի ճարտարապետների տանը տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրված էին լուսանկարներով եւ Հայաստանի պատմական հուշարձանների մոնիտորինգի արդյունքները ներկայացնող պլակատներ, ինչպես նաեւ ճարտարապետների ծրագրերը` դրանց վերականգնման վերաբերյալ:



«Առանց հասարակության հետ համագործակցության ոչ մի գործ առաջ չի կարող գնալ: Ես համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք չեզոքացնել մեր ժամանակակիցների կործանարար գործողությունները, եւ ես հույս ունեմ, որ ընկերակցության հետ միասին մենք կկարողանանք վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմական հուշարձանները», - իր ողջույնի խոսքում ասաց ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:



Ընկերակցությանը բեղմնավոր աշխատանքի մաղթանքներ եւ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին մշակույթի փոխնախարար Արեւ Սամվելյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---