14 նոյեմբերի 2009 - 19:18 AMT
Հայկական լրատվամիջոցներում հանդիպող «ազերիներ» բառը նյարդայնացնում է ադրբեջանցիներին
Երեւանյան մամլո ակումբը վերջին տարիների ընթացքում թշնամության լեզվի երկու խոշոր հետազոտություն է անցկացրել, որոնց մասնակցել են հայ, վրացի եւ ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ստուգում էին ԶԼՄ փոխադարձ հանդուրժողականությունը: Արդյունքում հրատարակվեց «Ինչին է ծառայում խոսքը» գիրքը: Այդ մասին Երեւանում կայացած «Հանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում» կոնֆերանսում հայտնեց Երեւանյան մամլո ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքով, 2005թ. տվյալների համաձայն, Հայաստանի լրատվամիջոցներում ավելի քիչ բացասական տարրեր կային, քան Ադրբեջանի լրատվամիջոցներում, իսկ 2008-2009թթ. հետազոտությունները ցույց տվեցին, որ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե հավասարվել եւ պակաս հանդուրժողական են դարձել: «Գնալով ավելի մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցներ են իրենց զգում քարոզչական պատերազմի առաջին շարքերում: Հայկական ԶԼՄ-ները պակաս պրոֆեսիոնալ են դարձել»,- նշեց Արմեն Նիկողոսյանը:

Ընդ որում, կողքից գնահատելով իրադրությունը, Նիկողոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական մամուլում անընդունելի կլիշեի պես ատում է «ազերիներ» բառը: «Ինչպես մեզ բացատրեց ադրբեջանցի գործընկերը, «ազերիներ» բառն իրենց մոտ ասոցացվում է երեւանյան ադրբեջանցիների հետ, այսինքն նրանց, ովքեր հակամարտության տարիներին ստիպված եղան Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան»,- ընդգծեց Նիկողոսյանը` ավելացնելով, որ հայկական կողմին հիմնականում նյարդայնացնում է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը եւ երբ Հայաստանին ագրեսոր են կոչում: