2010թ. Մարտիրոս Սարյանի 130-ամյակը կնշվի նաեւ Տրետյակովյան պատկերասրահում նրա աշխատանքների ցուցահանդեսով

PanARMENIAN.Net - 2010թ. նախատեսվում է անցկացնել աշխարհահռչակ հայ նկարիկչ Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված մի քանի միջոցառումներ:



«Փետրվարի 28-ին Մ.Սարյանի ծննդյան օրը նրա երեւանյան տուն-թանգարանում տեղի կունենա նրա լուսանկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակներն են Անդրանիկ Քոչարը, Գավուկը: Կցուցադրվեն նաեւ նկարչի փաստագրական լուսանկարները: Նույն օրը, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Սարյանի վաղուց ի վեր չցուցադրված աշխատանքների ցուցահանդեսը»,-PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:



Նա նշել է նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հաջորդ տարվա սեպտեմբերին կբացվի նկարչի «Ծառի խորհրդանիշը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության մեջ կընդգրկվի 30 աշխատանք:



Ս.Սարյանն ընդգծել է նաեւ, որ նախատեսվում է անցկացնել խորհրդաժողով` նվիրված Մարտիրոս Սարյանին: Իսկ արդեն կատարվածից նա նշել է Սարյանի աշխատանքների ալբոմի հրատարկությունը մշակույթի նախարարության կողմից:



Մարտիրոս Սարյանը (1880-1972) խորհրդային շրջանի հայ մեծանուն գեղանկարիչ է, գծանկարիչ ու թատերական նկարիչ: Նա եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ Նկարիչների միության նախագահ (1947-1951), ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Լենինյան եւ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակների դափնեկիր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---