Հայ պետպաշտոնյաները «ԵՄ. համագործակցություն եւ հմտություններ» նախագծի շրջանակներում հատուկ դասընթացներ կանցնեն

PanARMENIAN.Net - Այսօր «Եվրամիություն. համագործակցություն եւ հմտություններ» (EU skills) նախագծի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի եւ Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը հաստատելու է այդ երեք կառույցների համագործակցությունը:



Այն երեք տարվա նախագիծ է, որը թափ է առել 2009 թ., իրականացնում է Բրիտանական խորհուրդը` Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ եւ Հայաստանի կառավարության անմիջական համագործակցությամբ: Ծրագիրն ուղղված է եվրաինտեգրացման գործընթացում ներգրավված պետական պաշտոնյաների հմտությունների զարգացմանը եւ փորձի փոխանակմանը, որը նպաստելու է Հայաստանում «Եվրոպական դրացիություն» եւ «Արեւելյան գործընկերություն» քաղաքականության արդյունվետ զարգացմանը:



ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագծի շրջանակներում կանցկացնի մասնագիտական խորհրդակցություններ` նախագծի իրականացման համար, Քաղաքացիական ծառայության խորհուրդը նպաստելու է քաղաքացիական ծառայության պետպաշտոնյաների համար դասընթացների անցկացմանը, իսկ Բրիտանական խորհուրդը կազմակերպելու է դասընթացներ պետպաշտոնյաների համար` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այս դասընթացներին կմասնակցի 100 պետպաշտոնյա:



Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկու աշխատանքային հանդիպում, որոնց ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք արդիական են մասնակից երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար: Սպասվում է նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի մասնակցությունը: Նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան երկու անգամ Բրյուսել գնալու, որտեղ կծանոթանան կառուցվածքի գործունեության հետ:



Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ելույթով հանդես եկան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Վարդան Բադալյանը, Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ինչպես նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության լիազոր ներկայացուցիչ Չարլզ Լոնդսդեյլը: Բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին նախագիծը եւ հույս հայտնեցին, որ այն շուտով կիրականացվի:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---