18 նոյեմբերի 2009 - 14:14 AMT
Նանսիում Հայոց ցեղասպանության ժխտման համար թուրք աշակերտին 2 օրով հեռացրել են պարապմունքներից
Նանսի քաղաքի վարժարաններից մեկում Հայոց ցեղասպանության քննարկման ժամանակ, Մուստաֆան, այլ 5 թուրք աշակերտների հետ միասին, հայտարարեց, թե Ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը հեռացրեց նրանց դասարանից: Դրանից հետո, պատմության ժամին թուրք դեռահասը, չկարողանալով պատասխանել հարցին, եւ չտիրապետելով իրեն, վրդովված հայտարարեց. «Հայերի հանդեպ Ցեղասպանություն չի գործվել, իսկ եթե գործվել է, նշանակում է, նրանք արժանի էին դրան»: Զայրացած նրա այդ արտահայտությունից, ուսուցիչը 2 օրով հեռացրեց նրան պարապմունքներից:

Այդ ընթացքում Մուստաֆա Դողանը պետք է տնային աշխատանք կատարեր «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ոճրագործություն է մարդկության դեմ» թեմայով:

Մուստաֆայի ծնողներն իրենց դժգոհությունն են հայտնել տնային աշխատանքի վերաբերյալ եւ օգնության են դիմել Ֆրանսիայի թուրքական հասարակական կազմակերպություններից մեկին` COJEP:

Աշակերտին պատժած ուսուցիչը` Ֆրանսուա Վինգոլան նշել է, որ Մուստաֆայի հայտարարությունը «թե նրանք արժանի էին դրան» անընդունելի եւ անմարդկային է: «Այն, ինչ մենք արել ենք, զուտ մանկավարժական քայլ է` Մուստաֆային կարգի հրավիրելու համար: Այլ խնդիր այստեղ չկա»,-ասել է Վինգոլան, գրում է Today's Zaman-ը:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից մեկն է: 2006թ. հոկտեմբերին Ազգային ժողովը 106 «կողմ» եւ 19 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատեն Սենատը եւ նախագահը: Օրինագիծը նախատեսում է 1 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանության ուրացման համար: