18 նոյեմբերի 2009 - 15:55 AMT
«Թաքնված հայերն» իրենց ինքնությանը վերադառնալով կօգնեն Հայաստանի ծաղկմանը
Թուրքիայում բնակվող «թաքնված հայերի» վերադարձն իրենց ինքնությանը կօգնի ոչ այնքան սահմանների բացմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որքան Հայաստանի ծաղկմանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Երեւանի պետական համալսարանի հայագիտության կենտրոնի աշխատակից Քեյթ Գունդակչյանը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի լրագրողի հարցին:

«Երբ ես համշենահայերին հարցրի` արդյոք չե՞ն ուզում վերադառնալ հայրենիք` Հայաստան, նրանք պատասխանեցին, որ իրենց հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է: Ցավոք, այսօր ստույգ տվյալներ չկան այն մասին, թե Թուրքիայում իսլամ ընդունած քանի հայ կա, բայց ես շատ դեպքեր գիտեմ, երբ նրանք կրկին ընդունում են քրիստոնեություն», - ասաց նա:

Գունդակչյանի խոսքերի համաձայն, Թուրքիայի հայկական համայնքը հիմնականում կենտրոնացված է Ստամբուլում, որտեղ կա 16 հայկական դպրոց: «Կ. Պոլսի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքի տվյալներով, 2008 թ. սեպտեմբերի դրությամբ միայն Ստամբուլում բնակվում է մոտավորապես 60-70 հազ. հայ: Այսօր Ստամբուլ եկած հայերի թիվը 30-40 հազ. է», - նշեց Քեյթ Գունդակչյանը:

Նա նաեւ նշեց, որ Թուրքիայում գործող հայկական եկեղեցիների թիվը հասնում է 36-ի եւ հայ եկեղեցականների պակաս է զգացվում: «Թուրքական կառավարությունը թույլ չի տալիս հայերին եկեղեցում բարձրաստիճան քահանա ընդունել նրանց, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն», - ասել է նա:

Խոսելով Ստամբուլի հայերի եւ Թուրքիա նոր գնացած հայերի հարաբերությունների մասին, հայագիտության կենտրոնի աշխատակիցը նկատեց, որ նոր եկած հայերը հեշտությամբ ինտեգրացվում են «հներին»: «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նոր եկած հայերը թուրքերեն չգիտեն, բայց գիտեն իրենց իրավունքներն ու պարտավորությունները, եւ հաճախ Թուրքիայում մնում են սահմանված ժամկետից ավելի երկար: Իսկ թուրքական իշխանությունները նրանց երկրից չեն հեռացնում, որպեսզի հետո ողջ աշխարհով մեկ հայտարարեն, թե թուրքերը մոտ 40 հազ. հայերի թույլ են տալիս աշխատել իրենց երկրում», - ընդգծեց Քեյթ Գունդակչյանը: