18 նոյեմբերի 2009 - 20:56 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել սպասել Ռուսաստանի ԱԳՆ մյուս հայտարարություններին
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մեծ պրոֆեսիոնալ է, բայց ինչպես եւ բոլորը, պրոֆեսիոնալները նույնպես ապահովագրված չեն սխալներից: Եւ նրա վերջին հայտարարությունն այն մասին, հայ-թուրքական բանակցությունների ժամանակ քննարկվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, չի համապատասխանում իրականությանը»,- նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հարցին:

Նալբանդյանի խոսքով, Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ միասին հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ինչը նշվել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կողմից:

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ հարկավոր է սպասել Ռուսաստանի ԱԳՆ մյուս հայտարարություններին, որոնք կրկին կհաստատեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացների կապված չլինելը: