19 նոյեմբերի 2009 - 16:20 AMT
Նոկաուտով հաղթանակի դեպքում Կեսսլերը կամ Ուորդը միավորներով կհավասարվեն Աբրահամի հետ
Նոյեմբերի 21-ին Օքլենդում գերմիջին քաշային կարգում (մինչեւ 76,2 կգ) Super Six World Classic առաջնության շրջանակներում Միկկել Կեսսլերի եւ Անդրե Ուորդի մենամարտից առաջ ԱՄՆ-ում մամլո ասուլիս կայացավ: «Ես հիմա շատ չեմ խոսի, որովհետեւ ինձ նոր ծնվող փոթորիկի պես եմ զգում: Ես այս մենամարտին ոչ թե 6-8 շաբաթ եմ պատրաստվել, այլ 9 տարեկանից: Ես շատ եմ ցանկանում նվաճել այդ տիտղոսը եւ շատ լավ մարզավիճակում եմ»,- ասաց Ուորդը:

«Ես 150 տոկոսով պատրաստ եմ մենամարտին, շատ լավ նախապատրաստվել եմ եւ հիանալի մարզավիճակում եմ գտնվում: Կալզագում կրած պարտությունը մինչեւ հիմա ինձ ներքուստ տանջում է, ուստի ես այլեւս չեմ պատրաստվում պարտվել: Ես մի քանի անգամ տեսել եմ Ուորդի որոշ մենամարտերը եւ քննարկել դրանք մարզիչիս հետ: Բայց ես կարիք չունեմ ինչ-որ մեկի մենամարտերը 500 անգամ վերանայելու: Ես լավ եմ պատրաստվել»,- Կեսսլերի խոսքն է մեջբերում Fightnews.com-ը:

Հիշեցնենք, որ խմբի առաջատարը հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է (Գերմանիա), որը 3 միավոր է հավաքել, 2 միավոր ունի Կառլ Ֆրոչը (Անգլիա): Ջերմեյն Թեյլորը (ԱՄՆ) եւ Անդրե Դիրրելլը (ԱՄՆ) պարտություն են կրել եւ ցուցակում վերջին տեղերն են զբաղեցնում: