19 նոյեմբերի 2009 - 19:15 AMT
Դաշնակցությունը մեղադրել է ՀՀ կառավարությանը օլիգոպոլ համակարգի հետ համագործակցելու մեջ
«Հայաստանի կառավարությունը եւ հայկական տնտեսության մեջ գոյություն ունեցող օլիգոպոլիան մեկ միասնական համակարգ է, եւ պետք չէ արհեստականորեն տպավորություն ստեղծել, որ իշխանության գործադիր մարմինը ակտիվ քաղաքականություն է վարում օլիգոպոլիայի դեմ», - նոյեմբերի 19-ին ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արա Նռանյանը:

Նռանյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը մեկ տարվա ընթացքում օժանդակել է միայն ներմուծման խթանմանը, որն էլ մեծ վնաս է հասցրել տեղական արտադրողներին: «Կառավարության այսպիսի քաղաքականությունը օժանդակել է օլիգոպոլ եւ մոնոպոլ համակարգի զարգացմանը, որը պահպանվել է մինչ այսօր», - ընդգծել է պատգամավորը:

Նա նաեւ նկատել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հետեւանքով այս պահին Հայաստանում մեծ խնդիրներ կան սոցիալական արդարության առումով, եւ այսօրվա պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ըստ ամենայնի, չի ստանում հասարակական անհրաժեշտ արձագանք, քանի որ «մարդն ավելի շատ զբաղված է իր առօրյա սոցիալական, քան` ազգային հոգսերով»: