20 նոյեմբերի 2009 - 20:59 AMT
Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել էր տաղանդավոր երեխաների գեղարվեստական եւ կատարողական արվեստի ցուցահանդես
Նոյեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, որը պետական հոգածությամբ այսուհետեւ ծառայելու է մանկապատանեկան ստեղծագործական խմբերին եւ կազմակերպություններին, Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպել էր մշակութային կրթություն եւ գեղագիտական ուսուցում իրականացնող կառույցների գեղարվեստական եւ կատարողական արվեստի շնորհալի երեխաների աշխատանքների ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված էին «ՀՀ մարզերի զարգացման» եւ «Գրականության պետական պատվեր» ծրագրերի շրջանակներում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ ուսումնական եւ գիտաուսումնական երաժշտական գրականություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Միջոցառումը նվիրված էր երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաեւ հանրապետության երաժշտական եւ գեղարվեստական դպրոցների ներկայացուցիչները:

ՀՀ մշակույթի նախարարությունը 2007 թ.-ից նոր քաղաքականություն է որդեգրել, որի նպատակն է երաժշտական, արվեստի եւ գեղարվեստական դպրոցներին պետական աջակցություն ցուցաբերելը: Համակարգում արդեն գործում են «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը», «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը», «Դպրոցական ֆիլհարմոնիան», ինչպես նաեւ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: