Այս տարի կլրանար արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 67-ամյակը

PanARMENIAN.Net - Այս տարի կլրանար արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 67-ամյակը։ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը 1942 թ. ծնվել է Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 19471959 թթ. սովորել է Երեւանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ: Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ եւ կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։



Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում եւ Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման եւ հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ռ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակեի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը» մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել եւ իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երեւան ներթափանցման խոչընդոտումը:

Լ, Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում: Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը: Լ. Ռ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---