Հայաստանի 2010 թ-ի պետբյուջեն չի լուծում հանրային կրթության հարցերը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնել ուսուցիչների աշխատավարձների վերաբերյալ:



Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է 2010 թվականի բյուջեի մասին օրենքի նախագիծը:



Տարիներ շարունակ բնագավառի ներկայացուցիչներս խոսում ենք այն մասին, որ աշակերտ թվով ֆինանսավորումը հանրակրթության տարրական, միջին եւ ավագ մակարդակներում, ուսպլանով սահմանված ժամերի եւ պարապող ուսուցիչների թվաքանակի տարբերության պատճառով, պետք է տարբերակված լինի:



Այս բյուջեով այն տարրականում եւ միջինում նույնն է մնացել, իսկ ավագ դպրոցում ավելացել է ընդամենը 10%-ով, այնինչ օրենքով ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձը պետք է ավելանա 20%-վ: Հաշվի չի առնվել նաեւ այն փաստը, որ այսօր սովորողների գնահատման համար անբաժանելի մաս կազմող տարբեր առարկաներից տրվող թեստային աշխատանքները պահանջում են շատ թուղթ եւ տեխնիկական միջոցներ, որոնց ապահովման համար տնօրենները հաճախ դժվարանում են գումար տրամադրել եւ դրանց բացակայությունը լրջորեն կազդի սովորողների գիտելիքները օբյեկտիվորեն գնահատելու վրա:



«Կրթության որակ եւ համապատասխանություն» 1-ին վարկային ծրագրով ֆինանսավորված էր այդ բանաձեւի վերանայումը: Վարկային ծրագիրն այս տարի ավարտվեց, սակայն այդքան սպասված բանաձեւը չներդրվեց:

Ցավոք, սա մի ցուցանիշ է, որը 2010-ի բյուջեն բնութագրում է որպես որակյալ հանրակրթության պահանջները չապահովող:



Իհարկե լավ կրթությունը թանկ արժե , բայց եղած միջոցները նպատակային ու արդյունավետ ծախսելու խնդիրն այդպես էլ չի լուծվում:



Արդեն խոսում ենք 1998-2002թ. կրթության ոլորտի առաջին բարեփոխումների 15 մլն դոլար վարկային ծրագրի անարդյունավետության մասին, որի նպատակն էր` կայացնել դպրոցների խորհուրդներով կառավարումը եւ աշակերտ թվով ֆինանսավորմամբ դպրոցների միջեւ մրցակցությունը խթանելու նպատակով:



Այսօր չունենք կայացած խորհուրդներ, իսկ կառավարության 2006 թվականին ընդունած որոշմամբ թույլ տրվեց պետական լիազոր մարմիններին լավ աշխատած դպրոցի կուտակած միջոցները վերաբաշխել ապաշնորհ կառավարման հետեւանքով աշակերտ չունեցող դպրոցների միջեւ, դրանով վերջնականապես թաղվեց մրցակցությունը:



Ուրեմն վարկի արդյունքը չկա, իսկ պարտքը` սերունդներին ենք ժառանգում...

Վաղն էլ խոսելու ենք «Կրթության որակ եւ համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի` 25 մլն դոլարի անարդյունավետության մասին, որովհետեւ վարկից այս բյուջեում ներդրված 5 միլիոն դոլարի նպատակները չեն երեւում բյուջեում:



Լրջորեն մտահոգվելու առիթ է նաեւ այն փաստը, որ գերատեսչությունների կողմից շարունակվում է իներցիայով ներկայացվել տվյալ տարվա բյուջեն` առանց Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներից բխող իրավական ակտերն ու կարգերը ժամանակին մշակելու եւ ընդունելու: Այսինքն օրենքն Ազգային ժողովում ընդունվում է, բայց չի կիրառվում:



Եզրակացություն. Կառավարությունն օրինազանց է, հասարակությունը` դժգոհ, իշխանությունների նկատմամբ անվստահության վիհը` ավելի խորացած, Ազգային ժողովը` հեղինակազրկված:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---