23 նոյեմբերի 2009 - 14:53 AMT
Լարվածությունն Իսրայելի ու Թուրքիայի միջեւ աճում է
Այս օրերին Թուրքիայում անցնում է պատանի շախմատիստների աշխարհի առաջնությունը: Մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթել է Իսրայելի քաղաքացի Մարսել Աֆրոյմսկին Կֆար-Սաբայից: Սակայն պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Իսրայելի «Հա-Տիկվա» օրհներգը չի հնչել:

Մրցաշարի կազմակերպիչները որոշել են կատարել միայն թիմային օրհներգերը, ինչը արարողակարգի կոպիտ խախտում է: Իսրայելի շախմատի ասոցիացիայի ղեկավար Ավիվ Բուշինսկին արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել շախմատի համաշխարհային ասոցիացիային:

Երեկ երեկոյան Թուրքիա է ժամանել Իսրայելի նախարար Բինյամին Բեն-Էլիզերը, փորձելու համար հարթել հարաբերությունները, որոնք սրվեցին այն բանից հետո, երբ Անկարայի հեռուստատեսությունը թողարկեց մի սերիալ, որը «պատմում էր սիոնիստ օկուպանտների վայրագությունների մասին» Գազայում: Մասնավորապես սերիալը ներկայացնում է իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի մանուկների սպանության տեսարանները, պաղեստինցիների տների ավերումը:

Թուրքիան նաեւ հրաժարվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, պաշտոնական հեռագրերը հասցեագրելով Թել Ավիավ: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ գերադասում է հանդիպել մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրվող Սուդանի նախագահի հետ, քան Իսրայելի վարչապետի, գրում է Kursor-ը: