23 նոյեմբերի 2009 - 16:40 AMT
«Երկիր» միությունը Թիֆլիսի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը որոկում է որպես վրաց իշխանությունների հանցագործություն
«Երկիր» միությունը գնահատում է 2009թ. նոյեմբերի 19-ին Թիֆլիս քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզման փաստը որպես վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք եւ երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականավող խտրական քաղաքականության հերթական դրսեւորում:

Տարիներ շարունակ միտումնավոր ձգձգելով Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի - հայոց եկեղեցիների վերադարձման հարցերի լուծումը` Վրաստանի կառավարությունը բացահայտորեն արհամարհում է Վիրահայոց թեմի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի իշխանությունների, հայաստանյան եւ սփյուռքյան ոչ-կառավարական կազմակերպությունների բազմաթիվ դիմումները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերն ու հանձնարարականները` դրանով բացահայտ մարտահրավեր նետելով ոչ միայն իր երկրի հայ քաղաքացիներին, այլ նաեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու ժողովրդավարական զարգացման խնդիրներով շահագրգիռ պետություններին ու միջազգային կառույցներին:

«Երկիր» միությունը արձանագրում է, որ վրացական իշխանությունների կողմից իրականացվող հայ բնակչության, որպես փոքրամասնություն կարգավիճակից բխող, կենսական խնդիրների անտեսման քաղաքականությունը միմիայն հանգեցնելու է ինչպես վիրահայության, այնպես ել հայության շրջանում հիասթափության եւ դժգոհության տրամադրություններ ուժեղացմանը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Երկիր» միությունը միանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդի կոչին` ուղղված Վրաստանի իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման - հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ: