23 նոյեմբերի 2009 - 16:49 AMT
Նույնիսկ տոլերանտական Եվրոպան թուրքին փոխել չի կարող
Ֆրանսիայի թուրքական համայնքը ամենադժվար ինտեգրացվողներից մեկն է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Դավիթ Ջամալյանը : «Եթե թուրքը այդ տոլերանտական միջավայրում չի փոխվում, ուրեմն ինչպե՞ս նա կարող է փոխվել Թուրքիայում», - ընդգծել է Ջամալյանը, ավելացնելով, որ դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է կարգավորի նրա հետ հարաբերությունները: «Մենք պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնենք` ունենալով իրատեսական պատկերացում նրանց մասին, ում հետ գործ ունենք», - ընդգծել է Դավիթ Ջամալյանը:

Միեւնույն ժամանակ, նա չափազանցված է համարել այն պնդումները, թե թուրք երիտասարդությունը չգիտի Հայոց ցեղասպանության մասին: «Տարբերություն կա, թե ինչ գիտեն նրանք եւ ինչի մասին կարող են խոսել: Այդ բանը նրանց մեջ մանկուց են դաստիարակում: Միգուցե Թուրքիայում երիտասարդությունը Հայերի ցեղասպանության մասին մանրամասնորեն չգիտի, բայց վերջին իրադարձություններից հետո, կարծում եմ, նրանք պատմություն ավելի շատ են ուսումնասիրել: Բանն այն է, թե արդյո՞ք երիտասարդները կզղջան իրենց նախնիների արածների համար` ճշմարտությունն իմանալուց հետո», - Ասաց Ջամալյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերքման համար թուրք դպրոցականի ներողությանը, հոգեբանը նշել է, որ եթե դա լիներ ոչ թե Ֆրանսիայում, այլ Թուրքիայում, ապա նա երբեւէ ներողություն չէր խնդրի: «Որպեսզի թուրքը ներողություն խնդրի, ներքին ճնշում է պետք», - ընդգծել է Ջամալյանը:

Նանսի քաղաքի լիցեյներից մեկում Հայերի ցեղասպանության քննարկման ժամանակ Մուսթաֆան եւ 5 այլ թուրք աշակերտներ հայտարարել են, որ Հայերի ցեղասպանություն չի եղել: Ուսուցիչը Մուսթաֆային եւ նրա ընկերներին դասարանից հեռացրել է: Պատմության դասաժամին թուրք պարմանին չկարողանալով այդ հարցին պատասխանել եւ իրեն չտիրապետելով, տարակուսած հարցրել է. «Հայերի նկատմամբ ցեղասպանություն չի իրականացվել, իսկ եթե իրականացվել է, ապա նրանք արժանի են եղել դրան»: Այդ փաստից բարկացած ուսուցիչը նրան դասերին մասնակցելուց զրկել էր երկու օր: