23 նոյեմբերի 2009 - 18:40 AMT
Անկարայի պահվածքն անկանխատեսելի է դարձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի հեռանկարները` Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի դերը» միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր «Արդար աշխարհ» ինստիտուտը գերմանական Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Յուրի Նավոյանը, խորհրդաժողովում քննարկվել են Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի հեռանկարները, ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի դերը, բանավեճ է ընթացել Եվրոպական անվտանգության պայմանագրի եւ նրա ստորագրման հեռանկարների շուրջ, նախընտրական իրավիճակն Ուկրաինայում ՌԴ անվտանգության համատեքստում, Կովկասում անվտանգության ապահովումը եւ այլն:

Ելույթ ունենալով Կովկասի անվտանգության հարցերի առնչությամբ` Նավոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների որոշ կետեր եւ Թուրքիայի ցանկությունը այն շաղկապել ղարաբաղյան հարցում հայկական կողմի զիջումների հետ, ոչ միայն չեն հանգեցնում հայ-թուրքական կարգավորմանը, այլ ավելի են բարդացնում մեկ այլ տարածաշրջանային գործընթաց` անկանխատեսելի դարձնելով ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացը:

Փորձագետն ընդգծել է, որ դրան նպատում է այն, որ միջազգային հարաբերությունների արդի փուլում, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների «վերաբեռնավորման» շրջանակներում, գայթակղություն է առաջանում ամեն գնով համատեղ արդյունք ցույց տալ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկում, այդ թվում նաեւ Կովկասում: Ըստ Նավոյանի, դա կարող է հանգեցնել անլիարժեք որոշումների եւ ճնշման, ինչն էլ կարող է նոր խնդիրներ առաջացնել տարածաշրջանում: