23 նոյեմբերի 2009 - 20:52 AMT
Կազբեգի-Վերին Լարս սահմանային անցակետը կարող է բացվել
Կազբեգի-Վերին Լարս սահմանային անցակետի բացման հեռանկարներ կան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցում: Ըստ նրա, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթացել Երեւանում եւ քննարկումը կշարունակվի:
Ինչպես նախկինում հայտարարել էր Վրաստանի Քրիստոնյա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գիորգի Թարգամաձեն, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություները անցակետի բացման մասին ընթանում են միջնորդների` Շվեյցարիայի ու Հայաստանի միջոցով, եւ այդ գործընթացը, հավանաբար, կավարտվի մինչեւ տարեվերջ: Ինչպես գտնում է Թարգամաձեն, միայն տարանցիկ բեռներ բաց թողնելու դեպքում վտանգի աստիճանը շատ ավելի ցածր է, քան ամբողջովին շահագործելու դեպքում:

Վերին Լարսի անցակետի հնարավոր բացման հարցը քննարկվել է նոյեմբերի 13-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել է նաեւ նախագահ Սահակաշվիլին, կառավարության անդամներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ: Ինչպես ավարտին հայտարարել է ԱԱԽ քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, եթե բանակցությունները հաջող ընթանան, սահմանը բացվի, «դա միայն դրական կլինի մեզ եւ մեր հարեւան Հայաստանի համար, եւ ոչ մի դեպքում սպառնալիք չի հանդիսանա երկրի անվտանգության համար»: