24 նոյեմբերի 2009 - 12:47 AMT
Նոյեմբերի 24-ին տեղի կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Ուլյանովսկում կայանալիք հանդիպմանը Ալիեւն ու Մեդվեդեւը կքննարկեն երկկողմ համագործակցության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:

«Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կհանդիսանա հագեցած ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակությունը: Ընթացիկ տարում նախագահները բազմիցս են հանդիպել տարբեր ձեւաչափերում»,-ասել է աղբյուրը Կրեմլում հանդիպման նախօրեին:

Ըստ նրա, կարեւոր նշանակություն ունեին Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցերը Ռուսաստան ապրիլին եւ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան ընթացիկ տարվա հունիսին: Ակնկալվում է, որ Ուլյանովսկում նախագահները կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային ակտուալ խնդիրների եւ տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ: «Դրանց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որի ընթացքում ՌԴ-ն միջնորդական գործողություններ է կատարում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: