24 նոյեմբերի 2009 - 13:46 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Լամբերտո Դինիին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման ընթացքը
Իտալիայում ընթացող աշխատանքային այցի ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Իտալիայի Սենատ, ուր հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին: Հանդիպմանը քննարկվեցին հայ-իտալական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազզային հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Դինին անդրադարձան հայ-իտալական համագործակցությանը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով` միջազգային կազմակերպությունների եւ դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, կարեւորեցին խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը: Լամբերտո Դինիի խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին եւ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Սենատում Հայաստանի արտգործնախարարը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների իտալական կազմակերպության եւ Իտալահայկական միջխորհրդարանական բարեկամական խմբի կողմից: Դասախոսությանը մասնակցող շուրջ 200 ներկաների թվում էին սենատորներ, Իտալիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ եւ դիվանագետներ, գիտնականներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ-իտալական պատմական առնչություններին, երկու երկրների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին, Հայաստան Եվրոպական միություն համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա խնդիրներին եւ ներկայացրեց դրանց լուծման Հայաստանի տեսլականը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին: