24 նոյեմբերի 2009 - 16:58 AMT
Պրահայում նշվեց «Օրեր» հայկական ամսագրի 10-ամյակը
Օրերս Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Օրեր» եվրոպական ամսագրի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: 1999 թվականին Չեխիայի մայրաքաղաքում հիմնադրված ամսագիրը անցած տարիների ընթացքում դարձել է ոչ միայն չեխահայության, այլեւ եվրոպական մի շարք երկրների հայության սիրված պարբերականը: Երեկոն երաժշտական կատարումներով բացեցին պրահայաբնակ ջութակահարներ Արմեն Սարգսյանը, Աննա Համբարձումյանը եւ երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանը` ներկայացնելով հայկական ժողովրդական եւ իտալական երգեր:

Այնուհետեւ Ավստրիայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ «Օրեր»ն անցած տարիներին մեծապես նպաստել է Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Չեխիայում հանգրվանած մեր հայրենակիցների եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդմանը, տպագրվել է արեւելահայերենով, լայնորեն լուսաբանել եվրոպահայության անցուդարձը, կատարելով մեծ ու կարեւոր աշխատանք»: «Օրեր»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը` ամսագրի 10-ամյակի առթիվ: Շնորհավորելով խմբագրակազմին, նախարարը մասնավորապես նշել է` «Վստահ եմ, որ Ձեր ամսագիրը ոչ միայն Չեխիայի հայ համայնքի ամենասիրելի եւ սպասված պարբերականներից մեկն է, այլեւ արդեն հաստատուն եւ անքակտելի կամուրջ է Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Դժվար չէ պատկերացնել, որ այդ ամենին հասնելու համար ինչպիսի դժվարություններ եք հաղթահարել եւ միայն համառ ու անկոտրում կամքի եւ նվիրումի շնորհիվ կարողացել եք ստեղծել եւ իրականացնել Ձեր Երազանքը, ունենալ հայատառ եւ հայակնիք եւս մեկ պարբերական Եվրոպայում: Համոզված եմ, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Օրերի» միջեւ ստեղծված համագործակցությունն էլ ավելի է խորացնում եւ ջերմացնում Հայրենիքի եւ համայնքի միջեւ հոգեւոր հաղորդակցությունը եւ լավ խթան է հանդիսանում նաեւ ապագա ծրագրերի համար: Հուսով եմ, «Օրերը» կշարունակի մնալ հիրավի ազատ ամբիոն մեր բոլոր հայրենակիցների համար: Ցանկանում եմ, որ այսուհետեւ եւս Ձեր ամսագրին անհամբերությամբ սպասի ընթերցողը` ե'ւ Սփյուռքում, ե'ւ Հայրենիքում»:

Հանդիսության վերջում բեմահարաթակը տրամադրվեց նախկին երեւանցի, ծագումով հունահայ երգչուհի Քրիստի Գայանե Սոխակյանին, ով իր չեխ ամուսնու` երաժիշտ Զդենեկ Կանսկիի եւ թավջութակահարուհի Մարգիտ Կլեպաչովայի հետ միասին ներկայացրին հայկական ժողովրդական եւ հեղինակային երգեր, հունական ազգային եւ ջազային երաժշտական կատարումներ: