24 նոյեմբերի 2009 - 19:38 AMT
Առաջիկա ամիսներին ՌԴ Պետդումայի նախագահը կայցելի Հայաստան
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Զրուցակիցները նշել են երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցությունը, որը լրացնում է ՌԴ եւ ՀՀ նախագահների քաղաքական երկխոսությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:

Ըստ նրա, Գրիզլովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը միշտ զգացել է ՌԴ աջակցությունը եւ երախտագիտություն է հայտնել դրա համար: Այդ համատեքստում, նա ընդգծել է Ռուսաստանի տրամադրած արտոնյալ վարկի կարեւորությունը, ինչը նպաստեց ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են միջխորհրդարանական երկկողմ համագործակցության հարցերը: Նրանք բարձր են գնահատել խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կազմակերպություննների շրջանակներում: Զրուցակիցներըր նաեւ կարծքիներ են հայտնել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Արցախի խնդրի շուրջ:

Հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին ՌԴ Պետդումայի նախագահի այցը Հայաստան կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Աբրահամյանը մասնակցել է «Կարոտ» փառատոնին եւ ծովակալ Իսակովի կիսանդրու բացման արարողությանը: