25 նոյեմբերի 2009 - 15:46 AMT
Հայաստանում 2010 թ. կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում
Երկրի պետբյուջեի նախագծում 2010 թ. թոշակների վճարման համար սոցիալական ծախսերի կրճատում նախատեսված չէ, դրանք կմնան նույն մակարդակին, ինչ որ 2009-ին էր: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը : «Այս իրավիճակը թելադրված է ճգնաժամով, ինչպես նաեւ բյուջեում մուտքերի կրճատմամբ», - ասաց նա:

Այս համատեքստում ծառայության պետը հիշեցրեց, որ այսօր Հայաստանում բազային նվազագույն թոշակը կազմում է 8000 դրամ, աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելանում է 450 դրամ, իսկ միջին թոշակը կազմում է 26000 դրամ:

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության կենսաթոշակային բարեփոխմանը, ապա այն իրականացվելու է 2011թ.: «2011 թ. հունվարից մենք կանցնենք կենսաթոշակային ապահովման նոր համակարգի», - ասաց նա: Նրա խոսքերի համաձայն, այդ համակարգի առանձնահատկությունն այն է, որ այսօր գործող բաշխման համակարգի փոխարեն ներդրվելու է կուտակային համակարգ. դա առաջին աստիճանն է: «Երկրորդ աստիճանում ներդրվելու է պարտադիր կուտակային համակարգ, որը նախատեսում է, որ մինչեւ 40 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտադիր կարգով վճարումներ կատարեն, որոնք ավելանալու են նրանց անձնական հաշիվների վրա», - ասաց նա: Ծառայության պետը նաեւ ավելացրեց, որ այդ հաշիվները ներդրվելու են համապատասխան կուտակային հիմնադրամներում: Այդ հիմնադրամները քաղաքացիները կարող են ինքնակամ ընտրել: «Այսպիսով, ծերության կենսաթոշակ ստանալիս, քաղաքացիներն արդեն կունենան որոշակի կապիտալ, որն ավելանալու է բազային կենսաթոշակի վրա», - պարզաբանեց Վազգեն Խաչիկյանը: Դրանից բացի, ըստ նրա, լինելու է երրորդ աստիճան, որը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան իրենց ապագա կենսաթոշակն ավելացնելու նպատակով կատարած պարտադիր կուտակային վճարումներից բացի հավելյալ վճարումներ կատարել, ինչպես նաեւ այն քաղաքացիների համար, ում տարիքը 40-ից բարձր է եւ նրանք նույնպես կցանկանան մասնակցել այդ կամավոր վճարումներին: Նա հայտնեց, որ միջազգային մասնագետները` որպես տեխնիկական համագործակցություն, Հայաստանի կառավարության համար խորհրդակցություններ են անցկացնելու, որպեսզի այդ բարեփոխումները իրականացվեն ստույգ հաշվարկների հիման վրա:

Վազգեն Խաչիկյանի խոսքերի համաձայն, ծրագրվում է, որ անցկացվող բարեփոխումների արդյունքում նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի կենսապահովման նվազագույնին, որը 2012 թ. կկազմի 38000 դրամ: