25 նոյեմբերի 2009 - 17:39 AMT
Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի կունենա Վարազդատ Հարությունյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո
Նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո: Գրադարանում կբացվի Վարազդատ Հարությունյանի անցած ուղին ներկայացնող ցուցահանդես, կներկայացվեն նրա գրական-գիտական գործերը: Հուշ-երեկոյի ընթացքում տեղի կունենա «Վաստակ եւ գնահատական» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ նրա մասին պատմող «Հայը» ֆիլմի ցուցադրություն: Միջոցառմանը կմասնակցեն ակադեմիկոսներ, գրականագետներ, գրադարանավարներ, Վ.Հարությունյանի հարազատները:

Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաեւ հուշագրությունների 3 հատորի: Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան եւ արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը: 50 տարի ղեկավարել է Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի` Ճարտարապետների միությունը: Վ. Հարությունյանը ծնվել է 1909թ. Վանում, վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Մահացել է 2008-ի մարտի 20ին Երեւանում: