Հայաստանում պետք է «Արդյունաբերական արտադրության վերականգնման մասին» օրենք ընդունվի

PanARMENIAN.Net - Այն իրադրությունը, որում այսօր հայտնվել են հայ ապրանքարտադրողները, եւ այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են երկրի տնտեսության մեջ, բնական է, չեն կարող մտածելու տեղիք չտալ Հայրենական արտադրողների միությանը այն տեսակետից, որ արդյունաբերական արտադրության ցուցանիշները բավարար չեն, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Արդյունաբերական արտադրության ծավալը ՆՀԱ-ում շարունակում է 22%-ից ցածր լինել, ինչն իր հերթին հանգեցնում է այն սոցիալական լարվածությանը, որն այժմ առկա է երկրում»,- ասաց նա: Ստեղծված իրադրության մեջ, միության նախագահի խոսքով, ընթացիկ տարվա ավարտին ՆՀԱ զգալի անկում կարձանագրվի, ինչը պայմանավորված է շինարարական ոլորտի անկմամբ (55% 2009-ի ավարտին): Սաֆարյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը ճգնաժամի պայմաններում արդյունաբերական արտադրությունն օժանդակելու փոխարեն շարունակում էր ներգրավված արտաքին վարկերը, մասնավորապես, ռուսական վարկի դրամական միջոցներն ուղղել շինարարական ոլորտի օժանդակմանը:



Այդ ենթատեքստում Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է «Արդյունաբերական արտադրության վերականգնման մասին» օրենք ընդունի: Ինչպես նշեց միության նախագահը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է այդ օրինագծի կոնցեպցիան, եւ այն դիտարկվելու է Միության կողմից, ինչի արդյունքում փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն: Նա բերեց նաեւ ԱՄՆ օրինակը, երբ Մեծ ռեցեսիայի տարիներին նրանք ընդունեցին այդ օրենքը, ինչը թույլ տվեց նրանց հաղթահարել այդ ռեցեսիան:



Բացի դրանից, Միության նախագահն ավելացրեց, որ Հայաստանում պետք է համապատասխան նախարարություն ստեղծվի, որը կզբաղվի այդ ճյուղի զարգացման ռազմավարությամբ եւ համապատասխան միջոցների որոնմամբ: «Եթե Հայաստանի կառավարությունը չփոխի իր տնտեսական ռազմավարությունը, ապա երկրում ճգնաժամը դեռ երկար կտեւի»,- ավելացրեց նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---