26 նոյեմբերի 2009 - 15:12 AMT
Հայաստանի արտաքին պարտքը թույլատրելի սահմանի եզրին է
Հայաստանի արտաքին պարտքը թույլատրելի սահմանի եզրին է, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Հայաստանի արտաքին պարտքը շատ վտանգավոր սահմանի է մոտենում, 2009-ի վերջին նրա ծավալը կկազմի 3.5 մլրդ դոլար»,-ասաց նա:

Սաֆարյանը հիշեցրեց, որ 2009թ. մարտին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1.9 մլրդ դոլար եւ 7-8 ամսվա ընթացքում ավելացավ երկու անգամ: «Արտաքին պարտքի եւ ՆՀԱ հարաբերակցությունը մոտենում է 46%, 50% արդեն վտանգավոր սահման է, իսկ արդեն 50%-ից ավելի դեպքում մեր երկիրը ոչ վարկունակ պետության անուն ձեռք կբերի»,- ավելացրեց նա:

Ընդ որում, նախագահի խոսքով, 2009թ. վերջին արտահանումը կկազմի 600 մլն դոլար, ինչը 40%-ով պակաս է, քան 2008թ. ցուցանիշը, «ինչը խոսում է մեր արտադրողական հնարավորությունների կրճատման մասին», 2009թ. վերջին ներկրումը կկազմի 3.1 մլրդ դոլար ընդդեմ 2008թ. 4.4 մլրդ դոլարի: