26 նոյեմբերի 2009 - 17:31 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունները վերջնականապես մոլորեցրին միջազգային հանրությանը
Չնայած, որ հայկական կողմը պնդում է, թե հայ-թուրքական Արձանագրություններն իրենց մեջ ոչ մի սպառնալիք չեն պարունակում եւ կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, թուրքական կողմի հայտարարությունները հակառակն են ասում: Հայաստանի ու Թուրքիայի հակասական դիրքորոշումները մոլորեցնում են երրորդ կողմերին Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին ասվում է «Հայ Դատի» հարավամերիկյան գրասենյակի հայտարարության մեջ:

Արգենտինայում Հայոց ցեղասպանությունն արդեն վաղուց օրենքի ուժ է ձեռք բերել: «Գլարին» թերթը, որը երկրում մեծ տպաքանակ ունի եւ ոչ մի անգամ կասկածի տակ չի դրել այդ պատմական փաստի իսկությունը, Հայաստանին նվիրված հրատարակություն է նախաձեռնել: Հոդվածի վերջում նշված էր, որ Հայաստանն ու Թուրքիան «դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին» համաձայնություն են ստորագրել եւ համաձայնության եկել ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության հարցը:

«Դրանում պետք չէ ինչ-որ գիտակցված հերքում տեսնել, բայց պարզ է մի բան` Արձանագրությունները մոլորություն են առաջացրել Հայոց ցեղասպանության հարցում»:

Այդ կապակցությամբ Բուենոս-Այրեսի «Հայ Դատ» գրասենյակն իր բողոքն է ուղղել թերթի խմբագրությանը: